ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ


Գիշերվան մութը գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում:

«Հոգի ունեի, դու էիր, ա՜խ դու.

Ո՞ւր տվիր ինձ նրան, որ ես քո սիրու

Էրվիմ, խորովվիմ. ո՛չ երկինքն լսի,

Ո՛չ երկիրն իմ չոր գլուխս տակով անի:

Երաբ էս սհաթին՝ որ ես քարանամ

Փարիխան իմ ջան՝ գլխովդ ման տամ,

Մեկ շվաքդ էլա երեսիս կընկնի՞,

Որ հողս էլա իր հասրաթը մեկ առնի

Ընչի՞ չէ՛ր աչքս էն օրը խավարում,

Որ սֆթա վառվեց էս կրակն իմ սրտում.

Ընչի՞ Աստված ինձ էս շունչը տվեց,

Ու քե՛զ էս ջրատար գլխիս ռաստ բերեց:

Վա՜յ որ չեմ կանչում, դողում են քարերն,

Ա՜խ որ չեմ քաշում, սասանում սարերն.

Բայց ա՜խ Երաբ ձենս քեզ էլ հասնո՞ւմ ա,

Թե ինձ էրում միայն, վա՜յ քո Վանուն վա՜յ:

Հոգիս հանդարտ, մեր գեղի դաշտերումն,

Ծաղկի, ջրի վրա, հոտում, չիմանումն,

Արևն ու լուսին, աստղեր ու հրեշտակ

Ծիծաղում իմ հետս ամեն ժամանակ:

Քեզ տեսա թե չէ, աստղս թեքվեցավ.

Նոր աշխար, նոր օր աչքիս բաց էլալ.

Վարդին էլ թաքուն ես մոտանալիս,

Աստղին էլ աչքս տխուր քցելիս,

Հենց իմանում էի իմ գլխիս կանգնած,

Դու ես աչքս ու սիրտս թողել մոլորած:

Զանգին ա մնացել իմ հույս, ապավեն.

Փարիխան իմ ջան՝ փակ քո փանջարեն,

Ի՜նչպես էս ջրին մատաղ տամ իմ ջան,

Որ դու չե՛ս տեսնիլ ՝ ազի՛զ Փարիխան:

Երաբ ի՞նչ հալումն ա անմեղ հոգիդ,

Երաբ սո՛ւր դիպավ էդ արդար սրտիդ.

Թե դու էդ խորումն, ա՜խ ե՛ս էս ձորում

Իրար կարոտու էրվում, տոչորվում:

Ո՞վ անօրենի տանը կկարոտի,

Ո՞վ չար գազանի տեսին հասրաթ կըլի.

Բայց քո շունչն էդ տեղ էլած ժամանակն,

Որ բերնիս էլ դնեն նրանք թուր ու դանակն,

էլի կպաշտեմ ես նրանց ոտի հողը,

Թաքլի երեսիս փռեն քո քողը:

Լուսինն ամպի տակն մտավ, մթնացավ,

Անշունչ քարերն են լսում՝ ա՜խ՝ իմ ցավ.

Ո՞ւր է՛ն սուրբ, արդար մեռոնի լիսը,

էն սուրբ կենարար արինն ու միսը,

Սուրբ Գեորգի հրաշքն, սուրբ Գեղարդի շնորքն,

էն արագահաս` սուրբ Սարգսի զորքն,

Որ մեկ ճար անեն, թո՛ղ՝ հոգիս առաջ

Առնեն, որ չմնամ քո սիրովն մեռած:

Փարիխա՛ն իմ ջան՝ արևն որ բացվի,

Էլ չե՛մ ուզում, չե՛մ, որ աչքս լիս տեսնի:

Մեկ հենց շունչդ առնիմ, ապա հոգիս տամ,

Երեսս ոտիդ տակն դնեմ, թուլանամ.

Որ դու իմանաս՝ քու կորած Վանին

Մեկ քեզ ուներ, մեկ իր խավար հոգին,

էն էլ քեզ տվեց, որ էս աշխարքումն

Թե դու նրա անունն չպահես քո սրտումն,

Երկինք ու երկիր կմնան նրան փակ,

Կջնջվի նրա ա՜խ՝ դառն հիշատակ:

Բա՛ց էդ սուրբ երեսդ՝ դու իմ հրեշտակ՝ բա՛ց.

Մեկ ծունր էլ դնեմ առաջիդ չոքած,

Հետո թո՛ղ՝ Զանգին գերեզմանս ըլի,

էրված սրտին ա՜խ՝ սառը պատան կուզի:

Բա՛ց էդ սուրբ երեսդ՝ արեգա՛կ իմ՝ բա՛ց,

Քանի շունչս բերնումս ա, դեո աչքս բաց»:

Էսպես էր էրվում, մղկտում տարաբախտ երիտասարդն, ջիվան Վանին՝ Ջրենդհեցի ռես Կարոյի որդին՝ Զանգվի ղրաղին նստած, մեկ մութը քարափի տակի կուչ էկած, աչքը Երևանու բերդի,սարդարի ամարաթի վրա քցած, սառած: Էն տեղը որ ցերեկը օրը ճաշին էլ՝ ղուշն իր թևովը մոտանալիս՝ սարսափում էր, ուր տեղ, որ քար ու հող՝ արնի հոտը մարդի քյալլում էին ցցում, էս ողորմելին՝ գլխիցը ձեռք վերցրած՝ էն զարհուրելի սհաթին էկել, նստել, իր սև օրը լաց էր ըլում: Քար ըլեր կհալչեր, բայց նրա սիրտը ապառաժից էլ՝ ավելի էր պնդացել: Մահը նրա աչքին խաղ էր թվում, նհախ տեղն էին Զանգին, քամին իրանց բարկությունը, կատաղությունը թափում, նրա ակաջն ու դոշը ծեծում, որ իր ջանին Էլա ափսոս գա, գլուխն առնի, կորչի, բայց նրա ջանը որ վրեն չէ՛ր, խելքը գլխիցը որ թռած, աչքը արինը կոխած, ի՞նչ կիմանար, ի՞նչ կվախեր: Ախր ո՞ւմ էր կորցրել, որ նա դիմանար:

Աչքը Արաղի ղրաղին էր սֆթա բաց արել, աոաջին՝ նրա մարմանդ ջուրը, Մասսա ու Ալագյազի սարերը տեսել, նրանց դոշերին ման էկել, նրանց ալվան ծաղկները քաղել, նրանց քաղցր աղբրների վրա քնել, վեր կացել: Երեխությունից նրա մեծ գործը, նրա ուրախությանն էն էր, որ քյահլան ձիու վրա նստած, յարաղ ասպաբը քցած, իր թայդաշ տղերքանց հետ՝ յա ֆորս դուս գնա, յա ջիրիդ խաղա, յա մզրախը ձեոին Քրդերին՝ ճամբում, չոլում ոաստ բերի ու նրանց գլխին՝ իր տղամարդությունը փորձի: Երեսի, թշերի ղրաղները դեռ նոր էին սկսում ծաղկիլ, որ սիրտն էլ հետը քիչ — քիչ սկսեց փոխվիլ: Մինչև էն ժամանակը՝ մեկ սիպտակ լաչակ (չիքիլա), մեկ կարմիր, յա ալ քող՝ աչքովն ընկնելիս՝ հենց իմանում էր՝ թե մեկ անմահական հով երեսին դիպավ, սիրտը մի քիչ թրպրտում, միտքը հետը գնում, ա՜խ էլ որ քաշում, արատասունքն էլ շատ անգամ՝ որ աչքը լցվում, խավարացնում էր, էլի դեռ չէ՛ր իմանում, թե պատճառն ի՞նչ ա: Հենց իմանում էր, թե սարերի գլխին, չայիր չիմանի միջին ըլի իր սիրտը թաղած: Տանը որ չէ՛ր համբերում, էս տեղարենք էր դուս գալիս, հորից, մորից քաշվում, որ իր դարդը մարդ չիմանա, արտասունքը, չտեսնի, ու էս թփի տակին, էն աղբրի ղրաղին՝ էնպես քշված, գժված՝ գլուխը վեր դնում, արեգակի, իր շվաքի հետ խոսում, ու էս հալին նղղում, որ բալքի քնով էլա իրան մի քիչ հովացնի,Քյարամի, Աշղ Ղարիբի, Քեշիշ Օղլվի խաղերն ու պատմությունը՝ որ Աշղները չէին պատմում ու հետն էլ իրանց սազը բան քցում, ուզում էր՝ էլ ո՛չ ուտի, ո՛չ խմի, գիշեր, ցերեկ մեկ սազ էլ ինքը ձեռնառնի, սարեսար, աշխարքե աշխարք ընկնի, որ ինքն էլ էն օրերը քաշի, որ բալքի իրան էլ Աստված մեկ էնպես յար, մեկ էնպես հրեշտակ ռաստ բերի, որ գիշեր, ցերեկ մոտին նստած, ո՛չ քնի, ո՛չ աչքըթերթի, հենց նրան մտիկ տա, նրա գովքն անի, նրա հոտն առնի, նրանով կշտանա:

Վարդեվառի պասն էկել, օրը մոտանում էր: Վանու մեր՝ Սոնի խաթունը կոները վեր քաշած՝ սաղ շաբաթը ո՛չ աչքը քուն էր էկել, ո՛չ միտքը զարար, պաշար էր, որ հազիր էին անում. բուղլամա դրած գառներ, խաշած հավեր, ձկներ շինել, հացի մեջ կոլոլել էին: Քաթին, թերթին, լոշին, բոքոնին հո՝ ո՛չ թիվ կար, ո՛չ համար: Խունկն ու մոմը, գանձանակը վաղուց էին առել, հազիր արել, մատաղացու աչառի՝ միսն էկել, անկաջները կոխել էր, էնքան իր քեֆին թողել էին՝ որ կանաչ խոտումը ման գա, չաղանա: Ով մեկ զինք ու զարդ ուներ, էսպես օրվա համար էր պահում, որ քցի, դուս գա, իր գլուխը աշխարքին, ալամին ցույց տա. Ով նոր շոր չուներ, կարիլ էր տալիս, ով ձիու ռախտ, յա լավ ասպաբ չուներ, յա բազարիցն էր առնում, յա փոխ ուզում: Ջահել հարսն, աղչիկ հո՝ ամսով առաջ՝ հարիր անգամ գլխըները շինել, աչքըները դեղ դրել, հայլու առաջին հազար անգամ կուչ ու ձիգ արել, էլ եդ չհավանել, էլ եդ քանդել, նեղացել, էլ եդ նորեն շինել, իրանց պատկերին, գյովդին, շորերին մտիկ արել, իրար թաքուն շհանց տվել ու մտքներումը հազար մեկ բան անց էին կացրել, թե ո՞ր սարի ետևից, ո՛ր չոլի տակից իրանց սիրած ուզածը պտեր էն օրը լիս ընկնիլ, որ երազումը էնքան նրանց տանջել էր, առաջներին ջիրիդ խաղալ, իրանց յա խնձորով, յա վարդով խփել, որ իրանց մուրազը մի կատարվեր: Ղուշ էր գլխըներովը թռել, նրանք նրա համար էին ա՜խ քաշել, հով էր երեսներին դիպել, հենց իմացել էին, իրանց սիրածի շունչն ա. ծաղկի հոտ էին առել, յա վարդ ծոցըները դրել, հենց գիտացել էին՝ նրա՛ հոտն են առնում, նրա ձեռը ծոցըները դնում, նրան երեսներին կպցնում, էնպես էր սիրտըները թափ տալիս:

Հինգշաբթի առավոտը ով Ջրենդեհ մտներ՝ հենց կիմանար, թե դաշտ ու ձոր թև են առել, ուզում են, որ թռչին. Սպիտակ լաչակի ու կարմիր, ալ քողի շողքը մեկ դհից էր արեգակի ու հովի հետ խաղում, թուր ու թվանքի, յարաղ ասպաբինը՝ մյուս կողմից լսի հետ պեծին տալիս, փայլում, դաբ ու զուռնա, սազ, քյամանչա քարերին՝ էլ հոգի Էին տալիս, վեր կացնում: Ջահել տղերքը քյահլան ձիանոնց վրա՝ ուզում էին իրար կտրատեն, էնքան էին դռների, չոլի երկենությունը չափել, ձիանոնց հոգին առել, որ հարսն օղլուշաղ էլ մի շուտով դուս գա, մի ճամփա ընկնին, մի իրանց մուրազն առնին՝ իրանց հունարը ջահել աղչկերանցը շհանց տան, նրանց սրտին մի դիր գան ու հետո գնան Ծաղկեվանք, որ իրանց ուխտն անեն, վարդեվորի տոնը էնտեղ կատարեն:

Ով Հայաստանու սուրբ աշխարի մեծությունը, նրա դրախտանման դաշտերի հոտն ու համը, Էն ծաղկափթիթ ձորերը, էն անմահական աղբրների ջուրը, ու Հայոց անմեղ ազգի հաքուստը, ուրախությունը, խաղը, բարեպաշտությունն ու աստվածասիրությունը կամենում էր տեսնի, նրա գառը որդոց ազիզ երեսին նայի, մուրազն առնի, էս տեղ պետք է գար, Ծաղկեվանքի ծերին պտի կանգներ, որ իմանա՝ թե էս երկնանման բարձրությունից էին Հայք իրանց աշխարին մտիկ տալիս, Մասսա, Ալագյազի վրա խնդում, Նոյան տապանը, Լուսավորչու կանթեղը, սուրբ Գեղարդավանքն, էջմիածին ու Խոր Վիրաբ միտքըները բերում, կրակի պես վառվում, արծվի պես թռչում, ամպի հետ բարձրանում, ջան ու արին ջրի պես մատաղ անում, որ իրանց լիս հողիցը չզրկվին, չհեռանան, սուր տան, սուրը քաշվին, բայց Էնտեղ ապրին, Էնտեղ մեռնին: Սրանք էին, որ Հայկա վեհ սիրտը վառեցին, Վաղարշակ իրանց ծոցը քաշեցին, Տիգրանին թե տվին, Տրդատին Հռովմա ետ բերին, Վռամշապուհի վսեմ միտքը բորբոքեցին, որ Հայաստան իմաստության տան շինի: Սրանք էին, որ Մովսես Խորենացին տեսնելիս՝ վերանում էր, Եղիշե պատմելիս՝ խոյանում, Վարդան, Վահան Մամիկոնյան արին վեր ածելիս՝ նո՛ր հոգի առնում, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի գովելիս՝ հրեշտակի լեզու ստանում: Էլի սրանք էին, էս սուրբ սարերը, որ ջրհեղեղովն աշխարը քանդվելիս, Աստուծո աչքը մեր աշխարի վրա մնաց քաղցր, մեր աշխարն ընտրեց արդար Նոյի բնակության համար, էնքան ազգեր էլ, որ սար ու ձոր ոտնատակ տալով, թուր թրի տվին, որ մեր ազգի շվաքն աշխարքի երեսիցը կտրեն, իրանք փչացան, իրանք վերջացան ու էլի մեր սուրբ հավատը, մեր արդար Հայոց որդիքը՝ էս օր էլ կան, էս օր էլ իրանց օրենքն ու լեզուն՝ սրտներումն, բերնըներումն ունին, ու իրանց լավությունովը, աշխատասիրությունովը, խելոքությունովն ու հավատարմությունովը՝ ամեն ազգի սիրելի, ամեն երկրում գոված՝ կան ու կմնան ու իրանց ընտիր հոգին ո՛չ կփոխեն, ո՛չ կմոռանան:

էս երկնքի դոշն էր, էս օր մեր ուխտավորների գալու տեղը: էլ գեղ չէ՛ր մնացել՝ որ տեղիցը պոկ չգա, էլ տուն չէ՛ր մնացել՝ որ ինչ ունի չունի, թողա, էս տեղ գա: Ո՛ր ձորը մտնեիր էս օր, ո՛ր աղբրի վրովն անց կենայիր, որ նո՛ր թամաշա, նո՛ր ուրախություն չի՛ աչքիդ առաջը գա, ո՛ր քարի, ծառի տակիցն ասես, որ կրակի մուխը, սազի, խաղի ձենը՝ չէ՛ր վեր ըլում: Կարելի ա, բազի քնթի մազ, ծուծը բարակ, գլուխը հաստ՝ մարդ ասի, թե ուխտ գնալիս պետք է գլուխդ քաշ գցած, լալով գնաս, բայց միթե անմեղ ուրախությունը Աստուծո ընդդե՞մ ա, որ մարդ էսպես օրն էլ իր սիրտը կոտրի: Հետին աղքատն էլ էնքան պաշար էր վերցրել էս օր հետը, որ ամիս նրան հերիք էր, բայց նա իրան դարդումը չէ՛ր մենակ: Ամեն ռաստ էկող, էն յաբանի յադն էլ, թուրք էլ որ ըլեր, հենց աչքըներովն ընկան թե չէ պտի կանչեին, ուտացնեին, խմացնեին, էնպես ճամփու քցեին: Քանի՞ աղքատի աչք էս օր պետք է կշտանար, չէկողին էլ՝ իրանք էին զոռով իրանց սուփրի վրա քաշում, էկողը հո՝ գլխըների վրա տեղ ուներ: Ամեն մեկ կանաչ տեղ, ամեն մեկ աղբյուր՝ նրանց մանգզիլն էր, նրանց սեղանը: Տեսածին պես իսկույն ջահել տղերքը ձիուց վեր էին թռչում, հարսն աղչկանը ուսուլով վեր բերում, չախմախ տալն ու կրակ վառելը մեկ սհաթվա բան էր, պաշարը հո՝ բեռներով, խորովածի շամփրները կրակի վրա էին դնում, իրանք կարգով նստում, որը հացն էր փռում, որը աչքը չռում, որը գինու գավը, որը խորոված հավը, իրար տալիս, հաց ուտելիս, ու հետը սազ ածում, խաղ ասում, պար գալիս:

— Ա՜խ՝ լավ աչք պտի, որ մեկ էլ էս սար ու ձորը տեսնի, — մեկ զմեկու ասում էին, — քանի՛ էսպես մեզ նման էկող գնացող տեսել, բարովել են սրանք, իրանք մնացել, նրանք գնացել: Քանի բերնըներումս շունչ կա, մեր կյանքը վայելենք: Ա՜յ տղա ածա՛, դրա սուրբ բաժակին ղուրբան, մեռած տեղս էլ կուզեի որ գյոռումս ածեն: Երեխե՛ք՝ Աստված ինչ մուրազ ունիք, է՛ն կատարի, ծառա եմ սուրբ Ծաղկեվանքի զորությունին, ո՞վ ա նրա դռնիցը դարդակ ետ դառել, որ մենք ետ դառնանք: Մերն էլ մեր ուխտատեղերը, մեր սուրբ խաչերն են մնացել, որ նրանք էլ մեզանից երեսները թեքեն, էլ ո՞վ մեզ ճար կանի: Հա՜ աչքներս լիս, մեր բանը խեր ա, էս ծիծեռնակը որ ծլվլալով վրըներովս թռավ, բարի նշան ա: Աստված տա՝ մի տեղ հասնինք, ուխտըներս անենք, մատաղներս մորթենք, խունկ ու մոմ վառենք, քեֆ, քեֆ՝ էն ժամանակ պտի արած, էս ի՜նչ ա: Ա՜յ տղա՝ տո մի սազդ քոքի՛ր, տեսնինք՝ Աստված ի՜նչ տուն ա տալիս քեզ: Տո օխտ տարի սուրբ Կարապետի պասը պահել, ուխտդ կատարել, գնացել, դիլակդ առել ես, էլ ի՞նչ ես ծում պահողի պես՝ բերանդ փակել. հունար անիս, շհանց տո՛ւր, էլ ո՞ր օրվա համար ես պահում: Ահա՛՝ աչքներս լիս, ճանճը թռավ, աչքս շլում ա, հմիկ որդե որ ա, ճամփորդ լիս կընկնի. անիծած ըլիմ՝ թե որ իմ դուշմանն էլ ըլի, չքաշեմ, չբերեմ, մեր գլխավերևը չնստացնեմ:

Դուք էստեղ կացե՛ք, ես մի սարը նի ըլիմ, աչք ածեմ, որ խոսքս սուտ չի՛ դուս գա: — Մի քիչ վախտ անց կացավ թե չէ՝ մեկ էլ էն տեսան՝ որ երկու մարդի թևիցը բռնած՝ քարքաշան անելով՝ բերում ա: Արեգակը մի քիչ թեքվեց թե չէ՛, մեր ուխտավորքն էլ եդ ձի նստեցին: Ձիու վրիցն էլ մեկ խելիմ տեղ դեռ իրար գինի, մազա էին թավազա անում, սազ ածում, քեֆ անում, ձի քշում, ջիրիդ խաղում, թվանքի ու փշտովի ձենը հո՝ երկինքն էր հասել:

Իրիգնահովն ընկել, արեգակը արևմտի դուռն էր հասել, որ մեր ուխտավորների տուտը Ծաղկեվանքա փեշը հասավ: Ծաղկըների հոտն ու ալվան ռանգները, աղբրների քչքչոցը ու ղշերի ձենը՝ մարդի հոգին ջանիցը հանում էին: Շատը հենց ուխտատեղը տեսավ թե չէ, իսկույն ձիուցը վեր էկավ, ծունր դրեց, աղոթք արեց, մեկ խելիմ տեղ էլ չոքեչոք գնաց: էն անշունչ քարերն էլ աչք էին առել, ծիծաղում: Մողնուցը մեկ քանի վարդապետ, տիրացու էին էկել, որ ժամ ասեն, պատարագ անեն: Սրանք էլ պարկեշտությամբ դռանը կանգնել էին, էկողին աջըները տալիս, օրհնում էին, ու նրանց արևշատություն խնդրում: Կնիկ, աղչիկ, տղամարդ, մեծ, պստիկ էնպես էին իրար խառնվել, ինչպես գառն ու ոչխար: Քար չէր մնացել, որ չըլիզեին, հող չէ՛ր մնացել, որ երեսներին չքսեն, յա բերանները չքցեն, որը դոշին էր ծեծում, որը չոքած՝ աղոթք անում: Ամեն մեկ քարի հազար մոմ կար վառած: Էս էլ որ պրծան՝ էրիցը դուս էկան ու ամեն մարդ իր թադարեքի հետ էր: Ծեր մարդիկը վարդապետի մոտ գնացին, ջահելները իրանց դասթի միջում՝ ջուր էին բերում, կրակ վառում, հարսն աղչկերքն էլ իրիգնահացը պատրաստում:

Բայց ա՜խ՝ ինչ էս հադաղին մեր Վանու հալն էր, Աստված ո՛չ շհանց տա: Ինչ երեխությունից էնպես խուլ, մունջ՝ նրա սիրտը քրքրել էր, էս օր աչքի աոաջին կենդանացել էր, հոգին տանում, ջանը հանում: էն ո՞ր հրեշտակն էր նրա աչքովն ընկել, որ լիսը չքաղեր, խելքը չմաղեր: Ճամփի դեռ կեսը չհասած՝ հենց էջմիածնի դուզը հասան՝ ձիանը կատաղեցան: Մեյդանը լեն, թամքի վրեն, որ մեկ թվանք էլ չտրաքեց, քառասուն ձիավոր, որը մզրախով, որը ջիգով՝ Իրար ետևից ընկան, թոզ ու դումանն արեգակի լիսը կալավ: էն ղզղուն կռվումն էլ՝ էս կրակը չէ՛ր վառվիլ, ինչպես էս տեղ: Ո՞վ չգիտի, որ Ջրենդհեցի Հայերը կտրիչ տղամարդ են, ու ձիու ղաշը բռածին պես՝ էլ ո՛չ սար աչքըները կգա, ո՛չ ծով: էնքան տղամարդի միջում էլ, Վանու հատը մեկն էլա չկար: Յարաղ ասպաբի շողքը աչք էր քոռացնում. նրա բոյն ու պատկերը՝ տեսնողի ուշք ու միտքը հետը տանում: Քցած ջիրիդը էլ դարդակ չէ՛ր անց կենում: էս կրակված ժամանակին մեկ գել Սև ջրի ղամշի միջիցը դուս պրծավ, հարիր թվանք բաց էլավ, գյուլլեն տեղ չի՛ հասավ: Վանին ձին թռցրեց, թե ո՛ւր հասավ, էլ չի՛ հայտնի, մեկ էլ որ էն թոզակալած աչքը չի՛ բարձրացրեց, սար ու ձոր մեկ ծափ տվին, ծիծաղեցին, էլ եդ ձենըները կտրեցին, ինքը հո՝ տեղնուտեղը մնաց քարացած, կանգնած:

Նրա թմբրած աչքին էր տեսածը երազ թվում՝ սիրելի կարդացող, բայց օրը ճաշին երազն ո՞ւմ աչքը կգա: «Վանի՛, ներքևիցը մեկ ձեն էր գալիս,— Վանի՛, քո սիրտը քանդողը էս անմեղ պատկերն ա, որ աչքը քեզ ա քցել: Հեր չունի, անմեր, եթիմ ա, էս աղքատ հալևորն էլ, որ դրան առաջն ա արել, բոբիկ ոտով տանում, իրեք օր ա տանիցը դուս ա էկել, որ դրան էլ տանի ուխտ, որ Աստված բալքի դրա մուրազն էլ տա, դրան էլ մեկ ճար ըլի: Մեկ շեն օջաղից էդ մեկ եթիմն ա մնացել, հերնըմերը ցավով հինգ օրվա միջումը կոտորվել, քեռի, հորախպեր կռվում, գյուլլի առաջին փչացել, մալ դովլաթ անիրավի ձեռ ընկել ու դա, էդ անմեղ հրեշտակը դռնեդուռն ընկել: Վա՛նի՝ մտիկ արա՛ դրա էն արդար երեսին, դրա լուսաթաթախ աչքերին, դրա վարդագեղ բերնին, ու թե սիրտ ունիս, եդ դառի՛ր, տե՛ս՝ քար ու հող ի՞նչ կրակ են ածում գլխիդ»:

Ա՜խ՝ քարը բալքի թե ոտն առներ, եդ դառնար, բայց Վանին ո՞ւր կերթար: Աղբյուրը աոաջին էր քչքչում, արեգակը ետևին պլպլում, Վանու սիրտը արեգակից էլ ավելի էր բաց էլել, բայց շուտով ամպերը գլուխ բարձրացրին, շուտով նրա հոգուն չոքեցին: Արտասունքն՝ աղբրիցն էլ ավելի էին զոռ տալիս, որ աչք ու սիրտ հովացնեն, բայց ներսի կրակն ու բոցը բոլորը ցամաքացնում, ակը խավարացնում էին: Ի՜նչպես մոտանար, ի՜նչպես հեռանար: Ուխտավորների թոզը քիչ քիչ մոտանում էր, ողորմելի երիտասարդի լերդն ու թոքը չորանում: Նրա տեսածը մեկ տասնը հինգ տարեկան աղչիկ էր, ղորդ ա, շորերը կտրատված, երեսն արևն էրած, բայց աչքը որ աչքին չառավ, հազար թուր սրտումը ցցվեցավ, ո՛չ սպանեց, ո՛չ դուս ճոթռեց, որ մնացած հոգին ու ջանն էլ՝ նրա ոտի տակին տա:

Հալևորը՝ ճամփիցը բեզարած՝ քուն էր մտել: Հենց գիտես, երկնքի լիսն երեսին պտտում ըլեր, էնպես անմեղ, հանգիստ էր նրա քունը: Փարիխանը՝ (էս էր էն անմեղ հրեշտակի անունը՝) որ աշխարքումն էլ ոչով չուներ, էն ծերիցը սավահի, էն ոսկեթել գլուխը դրել նրա դոշին, մեկ ձեռով հով էր տալիս, մեկ ձեռով ջրի հետ խաղում: Երկնքին նայելիս՝ հենց գիտեիր՝ նրա հոգին շնչի հետ դուս ըլեր գալիս, որ Ասսանից խնդրի, էն հալևորի շվաքն էլա՝ իր եթիմ գլխիցը պակաս չանի: էնպես սաստիկ ձին քշելով էլ էկել էր Վանին, բայց ջարդված ծերունին ոչինչ չէ՛ր իմացել, Փարիխանն էր ձենիցն իմացել, որ էկողը Հայ Քրիստոնյա պտեր ըլիլ, էլ չէ՛ր վախեցել, չէ՛ր իր բարի հոգեհոր քունը կտրել, մազն երեսին էր քաշել, չունքի գլխինը գդակ էր, ու մոտովն անց կենալիս՝բեղաֆիլ ունքի տակիցը աչքը մի պտտեց, որ Վանու ոտն ու ճամփեն բռնեց: Խոսք բաց աներ, լեզուն չէ՛ր բռնում: Տեսնում էր՝ որ էս էն պատկերն ա, որ իրան գիշեր, ցերեկ տանջում էր, լիս չէ՛ր ընկնում, բայց երեսին մտիկ անիլն էլ չէ’ր համար՛ձակում, չունքի երկուսն էլ ջահել, երկուսն էլ ղարիբ՝ էն ի՞նչ անսիրտ, անօրեն մարդ պտեր ըլիլ, որ անտես, անճանաչ աղչկա՝ օրը ճաշին՝ բաց աչքով մտիկ անի, ո՞ւր մնաց, հետը խոսա: Հայի արի՞ն չէ՛ր նրա սրտումը, որ էսպես անօրենք բանը բռնի: Ջրին մոտանար, վախում էր, թե ջիվան Փարիխանը ահու՝ իր վաստկած հորը վեր կացնի, քնահարամ անի, ու նրա էկած ճամփեն, նրա կերած կաթն անիծի: Հոգին վառվել էր, աչքը սևացել, ոտները քարացել, ձեռները թուլացել: Ճարը որ կտրվեց, ձիու ջիլավն առավ ձեռը, մեկ քարի վրա թինկը տվեց, ձեռը դոշին խաչեց ու էս բայաթին ասեց:

«Ի՜նչ արի, ա՜խ ինչ արի.

Ձեզ ա՜յ սարեր՝ ի՞նչ արի.

Թե մեղք ունիմ, հոգիս ա՛ռ,

Արի՛, հրեշտակ իմ՝ արի՛:

Սրտովս գնում ա՝ ա՜խ՝ արին.

Ո՛չ չար գիտեմ, ո՛չ բարին.

Աշխարս ա դառն, ու խավար.

Հոգիս, մարմինս ի՞նչ արին:

Ա՜խ սառն է, սառ էս գետին,

Ջիգյար չունի, մեր սրտին

Թուր ա խփում ու տանում,

Մեր թոզը տալիս է՛ս գետին:

Ո՞ւմ ասեմ դարդս՝ որ լսի,

Էլ ցավս ուրիշի եդ չասի:

Թո՛ղ՝ սիրտս մենակ խավարի,

Հասրաթ մնա Քո լսի:

Կանաչել են սար ու ձոր.

Ես եմ ա՜խ՝ քո ուխտավոր.

Դու էլ թե ձենս չե՛ս լսիլ,

Թո՛ղ սպանեն ինձ սար ու ձոր»:

Ո՞ւմ անկաջն ընկներ էս ձենը, որ սիրտը փուլ չի գար: Փարիխանի էրված սրտի յարեքը բաց էլան, աչքը քցեց երկինքը էն անմեղ կույսը ու էլ չիմացավ՝ թե ի՞նչպես բերնիցը դուս էկավ:

«Յարեքս էլ եդ բաց էլան,

Ա՜յ իմ կորած ծնո՛ղք ջան՝

Չոր հողն ինձ հմար՝ ա՜խ փակվեց,

Աստղերն ձե՛զ հմար բաց էլան:

Եթիմ, անտե՛ր՝ սուք ու լաց

Թողեց աշխարս՝ քո մեռած

Սրտի համար, որ տանջվիս.

Էլ ի՞նչ ունիս, գլուխդ լա՛ց:

Ա՜խ սրբի պես ջուր արա՛,

Սրա ոտի հողն ֆուխա՛րա,

էս Քրիստոնեն էլ չըլի,

Ա՜յ հող ինձ էլ ջուր արա՛:

Անցվորական՝ ի՞նչ ես սրում

Թուրդ ու սիրտս կտրատում.

Փչի՛ր, էս սհաթն հոգիս տամ՝

Որ ո՛չ հրում ա, ո՛չ սրում»:

Էս խոսքը դեռ բերնումն էր, որ ուխտավորների տուտը բաց էլավ: Ընչանք ա որ գետինը մի քիչ դրմբդրմբաց, հալևորն էլ քնից կշտացել էր, ոտնաձենը որ անկաջն ընկավ, աչքը բաց արավ: Ուխտավորներին տեսնիլը, գդակը վերցնիլը ու ձեռը դեմ անիլը մեկ էլավ, որ մեկ ողորմություն տան: Հարիր տեղից, որը ուտելիք, որը թասը, որը փող դեմ արավ: Վանին ուզում էր՝ իր բոլոր ջանն էլ նրան տա. չէ՛ր համարձակվում: Հալևորն էն ա, տված բաների վրա մխիթարվել, օրհնում էր, որ գնացողների շատ փայն անց կացավ: Վանու ոտը տեղն ու տեղը չորացել, ո՛չ աոաջ էր գնում, ո՛չ եդ, որ մոր աչքը նրան առավ: Նա էլ էս էր ուզում, շլինքը ծռել, մնացել էր քարացած: — Հա՝ ուզում ես՝ որ դրանց էլ հետըներս տանինք՝ Վա՛նի ջան,— որ մերը բերան բաց չարեց, քիչ պրծավ, ոտներն ընկնի, մոր դոշը համբուրի: — Քո խաթրը ե՞րբ կկոտրեմ՝ արևիդ մատաղ: Վե՛ր կաց բա՛բի ջան՝ վեր, էդ երեխեն էլ հետդ բե՛ր, ի՜նչ պատկեր ունի, հենց իմանաս, Աստուծո Գառն ա. յարաբ ո՞ր ջրատար հերնըմերն են քեզ կորցրել, ա՜յ անմե՛ղ երեխա՝ երեսիցը հենց իմանաս՝ լիս ա վեր թափում: Ա՜խ՝ հենց իմանաս՝ իմ կորած Հոիփսիմեն ըլի, — ասեց աստվածասեր կնիկը, աչքերը սարերին քցեց, հալևորին մեկ ուլախի վրա դնիլ տվեց, Փարիխանին իր գավակն առավ, Վանու արտասունքը չորացավ, քյահլան ձին թև առավ, թռավ: Փարիխանի ամեն մեկ գլուխը ժաժ տալիս, յա աչքը բանալիս, ուզում էր սար ու ձոր քանդի, տակ ու գլուխ անի, ընկերներին հո՝ ջրիդի տակին՝ քիչ էր մնացել՝ որ սպանի, որ մեկն էլ ա իր հավանածին մտիկ չանի, աչքով չտա, տամարն կրակի պես էր տալիս, աչքերը կայծակ էր թափում, բայց հենց Փարիխանին տեսնում էր թե չէ, յա մոտովն անց կենում, ոտ ու ձեռը թալանում, շունչը բերնումը մնում էր կապված: Սար ու ձոր յա երեսին վարդի պես բաց էին ըլում ծիծաղում, փայփայում, յա հենց իմանում էր՝ թե երկինք, գետինք կատաղեցան, իրար պտի ուտեն, Վանուն էլ հետը: էսպես հազար միտք սրտովն անց էին կենում, նրա արինը սառցնում, կամ վառում: Ուր տեղ որ էլ վեր Էին գալիս, նա երեխի պես յա ծուլըծուլ էր ըլում, յա ջրի ղրաղի, քարի վրա կանգնում, աչքերը գնում, խելքը մաղվում: Ա՜խ՝ աոաջին սե՛ր, ո՞ր կրակը Էնպես կերի, կփոթոթի, ո՞ր թուրը Էնպես լերդախորով կանի, ինչպես դու:

Ո՞ւմ Ծաղկեվանքի սուրբ սարը, նրա փչչած ծաղիկները, նրա երկնանման գլուխը՝ Էնպես կքաշեր, կտաներ, ինչպես Վանու սիրտը: Ճամփեն դառել էր նրա համար՝ մեկ տարվա ճամփա, ո՛չ պրծնում էր, ո՛չ հատնում: Գեջդանգեջ հենց սարի դոշը հասան թե չէ, Վանին որ չոքեց ո՛չ, խելքը գլխիցը գնաց. Չէ՛ր իմանում՝ թե յարաբ իրա մուրազն էլ տեղ կհասնի, թե չէ՛: Ով խունկ ու մոմ կվառեր, մատաղ կմորթեր, նրա սիրտն էր մատաղ դառել, նրա շունչն ու լեզուն՝ խունկ ու մոմ: Իրիգունը որ կրակի ծուխը, ճրագների լիսը, քամու սլսլոցը, ջրի քչքչոցը, մութն ու խավարը, աստղերի ծիծաղը, ծաղկների բուրվառը՝ իրար չի խառնվեցին, նրա հոգին էլ էնպես խաոնվեց. էնպես իր ներսը տակ ու վեր արեց: Խալխը՝ բեզարած՝ քուն էր մտել. Վանին էնքան իր սիրածի երեսին նայեց, որ մոր հետ քուն մտավ, հալևորն Էնքան էր օրհնել նրան, որ քար ըլեր, կծաղկեր: — Ինձ արևշատություն մի՛ ուզի՛ր՝ ա՜յ ծեր. պապի,— ասում էր մտքումը, արևս էլ քո ձեռին, ջանս էլ, էս խավար սիրտը մի բաց արա, Էդ արդար ձեոովդ մեզ մի օրհնի՛ր, մեզ ձեռ ձեռի տո՛ւր, հետո ե՛ս հոգիս հանեմ էդ քո մնացած օրերը մխիթարեմ:

Լիսնյակն Ալագյազի ծերիցը աչքը բաց արեց. Երևանու դաշտի երեսին ծովի պես կանգնած բուղը սիպտակեց, դառավ լուսակամար: Գիշերվան ցողն հազար տեղից վովոում, փլփլում էր: Վանու աչքին Էնպես էր երևում՝ թե երկնքիցը քուլա քուլա լիս էր վեր գալիս, հրեշտակի ձեն էր լսում, խնկան ծաղկի հոտ առնում, Փարիխանի Էն ցողաթաթախ, լուսակոլոլ երեսին մեկ էլ որ մտիկ չարեց, մեկ էլ Էն անմեղ պատկերը՝ որ շունչը քաշելիս՝ չտեսավ, ուշ ու միտքը գնաց: Ինքն էլ չիմացավ՝ թե ի՜նչպես տեղից վեր կացավ, հեռացավ, բայց հենց մի քիչ ոտը փոխեց, հենց գիտես մեկը փեշիցը քաշեց, էդ բերեց, էլ եդ Փարիխանի մոտ չոքացրեց: Թե ինչ բերնիցը դուս Էկավ, ինքն էլ չիմացավ, բայց ով սիրտ ունի, նա կիմանա, նա կցավի:

«Լիսնյա՛կ՝ ի՞նչ ես դուս էկել,

Կանգնել, աչքդ բաց արել,

Որ իմ խավար սիրտս մաշես,

Ա՜յ երեսիդ մեռնեմ ես:

Քեզ ստեղծողն, լիս տվողն,

Որի ոտի ես եմ հողն,

Անշունչ տեղովդ, որ քեզ տվեց

Լիս. իմ շունչս ո՞ւր քաշեց:

Ա՜խ՝ մեկ աչքդ բաց անես՝

Տեսնիս իմ հալն, էլ եդ խփես.

Ա՜յ իմ սրտի դու քանդող՝

Քանի՛ քնիս, քա՛նի՝ օ՜խ:

Մեռնիլն ինձ ի՞նչ քյար կանի,

Դեռ քեզ չասած իմ սրտի

Խորհուրդն, ի՞նչպես հողը մտնիմ.

Էդ լիս երեսիդ մեռնիմ:

Արինս սրտումս ցամաքեց,

Երբ աչքդ քնին քեզ տվեց,

Թո՛ղ՝ երազում ա՜խ՝ տեսնիմ

Քեզ իմ դոշիս՝ ու փչվիմ»:

Վանին չէ՛ր իմանում թե ձենը մոր անկաջն էր ընկել, անսաս աչքը բաց արել ու մտիկ անում, որ տեսնի, վերջն ի՞նչ կըլի: Չէ՛ր ուզում որդու էն քաղցր ձենը կտրիլ տա: Ողորմելի երիտասարդը էնպես կսկծու որ նղղաց ո՛չ, գլուխը իրան իրան ցածացավ, հենց իմացավ քար էր՝ որ երեսը վրեն դրեց, բայց՝ ի՜նչպես սասանած վեր թռավ, երբ Փարիխանը ոտը քաշեց:

— Վանի ջան՝ մեր տունը քանդեցիր, մեր անունը բեդնամ արի՛ր, էդ ի՞նչ հալի ես՝ քո մերը մեռնի, — ասեց ողորմելի կնիկը ու որ վրա չի՛ թռավ, որ որդուն, եդ բերի, չունքի սա Փարիխանի ոտի շորշոփը որ չառավ, հենց իմացավ՝ հոգին էլ հետը քաշեցին, մեկ ախիցն ավելի՝ էլ բան չասեց ու ձորնըվեր ընկավ: էս ձենըձորը, ոտի շփլթոցը Վանու հոր անկաջն էլ ընկավ, Փարիխանը հո լեղապատառ՝ չէ՛ր իմանում, թե ուր կորչի: Հալևորի ճտովը որ չընկավ, սա էլ դողդողալով աչքը բաց արեց, սրբեց, երեսին խեչը հանեց՝ ու հենց լսեց, ինչ անց էր կացել, ինքն էլ Վանու հորնըմոր ետևիցն ընկավ: Փարիխանն էլ ո՞ւր կը մնար, որ իր հերը գնաց:

Վանին Էնպես ուշագնաց մեկ քարի վրա ընկել, հոգու հետ կռիվ էր տալիս, մերը նրա գլուխը գոգը դրած՝ իրան սպանում էր, որ մյուսներն էլ հասան: Ինչ ծնողքն էին անում՝ Աստված հեռու տանի, քար չմնաց, որ գլխըներին չտան: Հենց իմանում Էին խաչն ա իրանց որդուն պատմել, գժվացրել: Հերը չոքեց, հալևորը հետը, Փարիխանն էլ՝ էս հադաղին որ վախելու ու ամաչելու վախտը չէր, բայց ցավելու ու կսկծալու՝ ձեռները խաչեց, Վանու մոր առաջին չոքեց: «Աստված՝ փառքդ շատ՝ էս սիպտակ մազիս խեղճ արի, մեղավորը ե՛ս եմ, ե՛ս, ինձ պատժի՛ր, իմ գլխիս թող կրակդ վեր գա»: Հերն էր գոռում, իրան կտրատում: «Ո՜վ Մայր Աստվածածին՝ որ Քո ոտն ենք էկել, էս գերեզմանի դուռը հասած, աղքատ հալևորիս հոգին ա՛ռ, էսպես բարի ծնողաց զավակը մի՜ կորցնի՛ր, իրանց բա՛շխիր, սրա ջիվան արևին խեղճ արի՛, սրա մուրազը ի՜նչպես ես իր փորումը թողում, երեսս ոտիդ տակն՝ Աստված», — հալևորն էր մղկտալով ասում: «Ա՜խ ի՛նչ արի, ի՜նչ՝ տեր իմ Արարիչ Աստված՝ որ իմ ոտը որտեղ մտնում ա, էնտեղ ուզում ես քանդիլ: Եթիմ, անտերին մկամ քո արեգակն էլ ա խեթ աչքով նայում: Ո՞ւր ինձ սրան ռաստ բերիր, որ իմ մեղքի խաթեր, սա չարչարվի: Բաս ընչի՞ էր երեկ էնպես ուրախ: Ինձ որ չէ՛ր տեսել, իմ շունչը որ չէ՛ր իմացել, իմ դառը շունչը, սրա արդար սիրտը՝ ե՞րբ էսպես կպղտորվեր, ե՞րբ սա էս օրը կընկներ: Հրես չոքել եմ առաջիդ, հերնըմերս գլխիցս պակասացրիր, ինձ որբ թողիր՝ իմ օրս խավարի, իմ աչքս դուս գա: Ուխտ էի գալիս, որ մեկ ճար գտնիմ. դու էս ջիվան տղին ինձ ռաստ բերիր, որ իմ դարդին դարման անի. Ա՜խ՝ քարանա՛ր թող ոտս, կուրանա՛ր թող աչքս, սա չի՛ ինձ տեսներ, սա՛: Իմանում եմ սրա դարդը, էս գիշեր, էս գիշեր… ա՜խ… վա՜յ… »:

Ա՛խ սա էլ էստեղ գնաց… Աստղերը պելացել, սև քարափների, խոր էրերի բերնիցը՝ հենց գիտես դժոխքն ըլեր քիչ քիչ բացվում, որ նրանց սաղ սաղ կուլ տա: «Հա՝ ծառա եմ Քո սուրբ զորությունին՝ Մարիամ Աստվածածին, փոքր վախտից սկսեց Փարիխանը էլ եդ դելը տալ, ասիլ. գիտեմ իմ հորնըմոր աղոթքը դեռ ինձ վրա յա. ես ի՜նչ եմ, որ էսպես օջախի զավակ դառնամ, էսպես մեր ունենամ, էսպես հեր: Իմ արևախաշ երեսին, իմ կտրատված շորերին, իմ բոբիկ ոտներին մտիկ անողը՝ ողորմությունից ավելի, ինձ ի՜նչ լայաղ կանի, որ հետս էլա խոսի: Բայց ինչ իմ բարի հրեշտակն ինձ ասում ա, կանեմ, հրես դոշս բաց եմ անում, որ ոտներն ընկնիմ, սա էլ թող եդ գա, որ իմ հալս տեսնի, ինձ տիրություն անի: Ամա որ ինձ լայաղ չանի, ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ւր կորչիմ»:

«Մեղավորիս ինձ նայի՛ր,

Աչքդ մի բա՛ց՝ ինձ նայիր:

Սիրտ սրտի որ մեկ ուզեց

Սիրածն՝ հո ա՜խ՝ իրն ա իր»:

Ասեց, ու Վանու մոր ճտովն ընկավ:

Բոլորի միջին հալևորի խելքն էր մի քիչ գլխին: Նրա արդար հոգին նրան ազդեց, որ էս սրբի պատիժ չէր, սրտի պատիժ էր: Իր հոգեորդու խորհուրդն էլ՝ իր բերնիցն էր լսել, էլ ի՜նչ բախտավորություն նրա համար սրտով կուզեր, քանց էս: «Եթմի տերն էլ դու ես՝ փառքդ շատ ըլի՝ Աստված». Հոգոց քաշեց ու աչքերը լիքը՝ տեղիցը վեր կացավ: Վանին երազումը տեսել էր, որ մուրազի ոսկեթասը վարդ մանիշակով զարդարած՝ իրան դեմ արին: Մեկ քաղցր հով, որ երեսին էլ չփչեց, շունչը քիչ քիչ վրեն էկավ: Ինչպես մեկ անուշ քնից որ աչքը բաց չարեց, հենց էն իմացավ, որ մեկ ձեռ իր ձեռը բռնել, մեկ հրեշտակ առաջին կանգնել, երեսը շուռ էր տվել: «Աստված ձեզ ի միասին ծերացնի, ծաղկացնի,— որ հալևորն էլ՝ բերանը բաց չարեց, խոսքը բերնումը մեռավ, Վանու խելքը կորավ: Չափիցը դուս ուրախությունն էլ մարդու կթմբրացնի, ուր մնաց տրտմությունը, որ մեկ րոպեից առաջ՝ նրա հոգին առել էր: — Քե՞զ էր, որ տեսա՝ այ իմ հրեշտակ՝ ո՞ւր եմ, ի՞նչ տեղ, էս ի՞նչ ձեն էր, որ անկաջս ընկավ. էս ի՞նչ շողք էր, որ երեսիս դիպավ, էս անմահական հոտը ո՞ւմ ձեոիցն էր, որ քաշեցի: Անիրա՛վ, սուտ երազ, ինչ ես ինձ տանջում, որ տեսածս՝ էլ ձեռիս չի՛ մնալ, երբ որ աչքս բաց անեմ, չէ՛, չէ՛, երկինքն՝ իմ օջոռքը, էս չիմանը, քարափը իմ դոշակը, ա՛չք՝ բաց չըլիք. ա՛րև՝ դուս չի՛ գաս: Ո՛վ սուրբ գիշեր՝ ծածկի՛ր երեսս, ծածկի՛ր, որ էլ վեր չկենամ, էս երազումը մնամ: Թո՛ղ՝ երազումը քո հասրաթն առնեմ՝ ա՜յ իմ հոգի, իմ արև, էլ օրը, էլ արեգակը, էլ աշխարքս՝ ինձ չե՛ն պետքը, չե՛ն: Վանին որ էսպես ուշագնա չէ՛ր խոսում, գիշերվա ժամի կոչնակը խփեցին, — թուլանար էդ ձեռքը, որ իմ հոգիս խառնեց, մուրազս կտրեց,— ասեց ու էնպես շշմած որ վեր չի՛ թռավ, ոտները մնաց գետնին կպած, որ Փարիխանն էր խտտել, գլուխը՝ մոր դոշին կպած, հերն ու հալևորը գլխին կանգնել՝ ձեն տվին: — Որդի ջան՝ ա՛չքի լիս. թե էդ էր քո մուրազը, մեզ ո՞ւր էիր սպանում, մեզ ու՞ր սաղ սաղ գերեզմանը տանում: Վե՛ր, վե՛ր՝ արևիդ մատաղ, թո՛ղ՝ քանի աչքս բաց ա, մեկ ձեր սերն էլ օրհնեմ, ձեր արևը ձենն ածելիս տեսնիմ, ձեր կարմիրի կապեմ, հետո հողը մտնիմ: Արդարն արդարին կսիրի, եթմին պտի սիրտն առնիս, օրն ուրախացնես, մալ ու դովլաթ ի՜նչ զատ ա, երբ սիրտը իր ուզածը չի՛ ճարի, իր ղսմաթին ռաստ չի՛ գա: Սա՛րեր, ձո՛րեր, ա՜յ սուրբ Ծաղկեվանք, ա՜յ Մայր Աստվածածին՝ ա՜յ Հայոց լիս աշխարհ, լիս հավատ, դուք սրանց քոմակ ըլիք, սրանց արևը պայծառ պահե՛ք, ես մեղավոր եմ, սևերես, — Ասեց բարեգութ հերն ու երկու զավակին էլ խտիտն առավ: — Քո մուրազն էստեղ պտեր կատարվիլ՝ Վանի ջան, — մերը աչքը երկինքը քցեց, երեխեքանցը դոշին կպցրեց: — Հռիփսիմես նո՛ր գտա, փառքըդ շատ ըլի՝ Աստված. որդիքս էլ եդ ջխտվեցին, էրնակ իմ աչքին, իմ արևին, էլ ի՞նչ դարդ ունիմ: Սո՛ւրբ Ծաղկեվանք՝ թող՝ արտասունքս քեզ ասի, թե սիրտս ի՞նչ հալի ա: էսպես հրեշտակին ճարողը, որ դո՛ւ մեզ ռաստ բերիր, դո՛ւ մեզ բաշխեցիր, էլ ի՞նչ դարդ կունենա աշխարքումս: էկե՛ք, ձեր ջանին մեռնիմ, էկե ք, ձեզ մի՛ դոշիս կպցնեմ, սիրտս հովանա: Աստված՝ ինչպես տվի՛ր, էնպես պահի՛ր:

Սուրբ աղոթարանը հենց էն ա կարմրատակել, ճկճկում էր, որ մեր սիրահարքը աոաջին անգամը իրանց օրումը կարող էին իրանց մտքումը հաստատ ասիլ, թե ինչ իրանց սիրտն ուզում էր, ճարեցին: Երկուսն էլ ամոթու, սիրու՝ կրակ էին դառել, վըռշնել, աչքըները գետինը քցել, սիրտըները ծածուկ իրար գլխով պտիտ էին գալիս: Առավոտու աստղն ու հովը՝ հազար տեսակ լիս ու հոտ նրանց երեսովն, շնչովն էին տալիս, ու նրանց բերնի ու սրտի անուշ հոտը ծաղկներին, սարերին, վերջ ամենայնի երկնքին տալիս: Լեզվով ե՞րբ կարեին ասել, երբ կհամարձակեին, ինչ որ նրանց մտքովն անց էր կենում: Նրանց ուզածը էս սհաթին, յա մեկ խոր քարափ էր, յա մեկ մութը մեշա, կամ մեկ հով՝ ծառի քոլգա, կամ մեկ ծաղկավետ ջրի, աղբրի ղրաղ. չայիր, չիման՝ որ ձեռ ձեռի տված նստին, ո՛չ խոսան, ո՛չ ծպտան, ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, հենց էնպես իրար նայեն, իրար սիրեն՝ ու ծառ ու թուփ, խոտ ու ծաղիկ, ջուր ու քամի՝ նրանց վրա խնդան, նրանց հետ ծիծաղին: Ա՜խ՝ ո՞վ չի առաջին սերի համը տեսել, հարարաթն իմացել՝ որ էլ երկարացնեմ: Ո՞ր անմեղ սիրտը չի՛ վկայիլ՝ թե էս երկնային կրակը, որ սֆթա մարդի հոգին վառում ա, մարդ՝ երկրումը ման գալիս, երկընքումն ա իրան կարծում: Քունը սազ ու քյամանչա յա դառնում, միտքը վարդ բացված, անմահական դրախտ, ապառաժ քարն էլ սիրտ ա աոնում՝ մեզ ավետիք տալիս: Սիրտդ հազար բան ա ուզում՝ սիրելուդ համար անի, ասի, լեզուդ, ձեռդ չի՛ զորում, շատ անգամ մարդ տխրում, սարե սար է ընկնում, թե տեսնի՝ սիրելին էլ կը գա, նրա վրա կցավի՞, նրան միտքը կբերի՞, թե սար ու. ձոր իրան կուտեն: Ամսով հետը նստած վախտն էլ, որ պետք է հեռանաս, հազար անգամ սիրտդ քաշում, երեսդ ինքն իրան շուռ ա գալիս՝ որ մեկ էլ եդ դաոնաս, մեկ էլ սիրելուդ շունչն առնիս, ոտը համբուրես:

Էս հալումն էին մեր անմեղ սիրահարքը, որ հանկարծ, մեկ էլ որ աչքըները չի՛ բաց արին, ողջունի ձենն ընկավ անկաջները, ու ինչպես մեկ խոր, անուշ քնից երկուսն էլ վեր թռան, երբ մոտըների կանգնողները՝ գլխները մոտացրին՝ որ ողջուն տան, ողջուն առնին: «Ա՜խ՝ թե էս մտքով էին առաջին մարդիկը ասում, «ողջոյն տո՛ւք միմեանց ի համբոյր սրբութեան», հրեշտակ էին նրանք, ու ո՛չ մարդ, երկուսն էլ մտքըներումն ասեցին: Գիշերվա ժամը, պատարագի կեսն էլ անց էր կացել, մատաղների աղն օրհնել, պղնձները վրա էին դրել, եկեղեցին դառել էր լիս, խնկի, կնդրկի հոտը հոգի էր թմրացնում, մեր սիրահարքն էնտեղ կանգնած՝ ոչինչ չէի՛ն իմացել, ողջուն տալիս էլ՝ նրանց սիրտը հենց մեկ թըպրտաց ու էլի մտավ իր անուշ երազը: Նրանք մինչև վերջը՝ է՛ն էին տեսնում, որ մեկ լուսաթաթախ հոգի՝ անմահական հոտով, վարդապսակով զարդարված՝ նրանց գլխին պտիտ էր գալիս, նրանց սիրտը հետը տանում, նրանց աներևութաբար ասում՝ որ արդար սերը աշխարիցս չի՛, երկնքիցն ա էկել, որ էլի մեզ երկինքը տանի, թե մենք նրա սրբությունը անարատ, անխախտ պահենք, մեր սիրտը չարին չտանք: էս երազումն էին՝ որ բիրդանբիր խալխը իրար գլխով դիպավ, նրանց զարթացրեց: Ժամի մեջտեղը մեկ ձեն էր դուս գալիս, որ ավելի հոգու ձենի նման էր: Հազար թաքուն խորհուրդ, հազար մուրազ, խնդիր, մեղք էնտեղ էին լիս ընկնում: Վանու, Փարիխանի անունն էլ որ չտվին, նրանց միսը սրսռաց, խելքները թռավ: Բայց էս խորհըրդավոր ձենը՝ նրանց օրհնում, գովում, սրբի կամքը հայտնում էր, թե «Էնպես սեր ոսկեգրով ա երկնքումը գրած՝ երբ մարդ սրտին կհետևի, և ոչ մալի՛ կամ դոլվաթի, աղքատի աչքը կսրբի, և ոչ հարստի արծաթին թամահ կանի, խղճին, եթըմին կբախտավորի, ու ո՛չ շենին էլ կխղճացնի, սիրով սերի գինը կիմանա, ու ո՛չ փողով, դրամով կառնի»: Էս ձենը ընկնավորի խոսքն էր՝ սիրելի՛ կարդացող, դու լավ գիտես՝ որ նրան հոգին ա տուն տալիս, նրա ասածը միշտ ճշմարիտ ա ու անպատճառ կատարվում ա: Ի՜նչ կերպով, Էդ իմ բանը չի, որ հարցնեմ, Աստուծո հրաշքը անքննելի ա, ես ո՞վ եմ, որ իմանամ, բայց դու լավ գիտես՝ որ ընկնավորի հոգին ա խոսում, ու ո՛չ բերանը:

Ժամը դուս գալով էր, որ խալխը կրկին իրար գլխով դիպան. Էլ պատ, էլ քար չէ՛ր մնացել, որ չհամբուրեն, երեսները չքսեն, շատ հարսն ու աղչիկ իրանց դոշի շարքն ու ճտի զինքսն էին էստեղ, էնտեղ՝ գանձանակի տեղակ վեր դնում: Քանըսի, ա՜խ՝ քանըսի սիրտը սհաթի չարխի պես տպտպում էր, երբ էն ջրի տակն էր գնում, որ օջոռքիցը նրա վրա յա կաթում, ում մուրազը պտեր կատարվիլ: Ով երկու հոգիս էր, տղա պտեր բերիլ, ով ազափ, իր նասիբը ճարիլ՝ հետ դառնալիս: Շատի արտասունքը ուրախությունիցն էր կաթում, շատինն էլ տրտմությունիցը՝ որ ջուրը նրա վրա չէ՛ր կաթել: «Իմ մեղքը շատ ա հալբաթ՝ որ Աստուծո ռահմն էլ, սրբի գութն էլ ինձանից պակասել են», էստով էին իրանց մխիթարում էս մուրազից ընկած ջրատարները: Քանի աչք մեր Վանուն ու Փարիխանին էրնակ էր տալիս, ո՜վ կարա պատմիլ: Բայց նրանք դեռ էլի ո՛չ իրար հետ նստիլ կարող էին, ո՛չ խոսալ, ո՛չ մտիկ անիլ, չունքի սուրբ պսակն ու խաչ ավետարանը միայն կարեն էս իշխանությունը տալ, բայց հենց էս էր, որ նրանց էրում, փոթոթում էր. սրտըներն ուզում էին իրար կպչի, ազգի օրենքն ու ադաթը չէ՛ին թողում: Ժամը դուս էկավ: Կերակըրները հասել էր, հարիր տեղ խալխը բոլորեշուրջ, ջոկ ջոկ նստած՝ քեֆ էին անում, իրանց օրը խոշ անում: Թվանքի, զուռնի, սազի ձենը երկինքն էր հասել: Սար ու ձոր ցնծում էին, բայց մեր սիրահարքը էլ էս աշխարքումը չէին, որ էսպես հասարակ բաներին մտիկ անեն: Նրանց համար աներևույթ սազի ձեն էր գալիս, էն օրն էլ էս սրտով, էս քեֆով անց կացրին, րիգնաժամը, մյուս օրվան աղոթքն էլ արին, ու ամենը մեկ կտոր օրհնած հող, խաչալվա, ու իրանց տան մնացողների մատաղի փայը՝ հացում, շորում, շուշում՝ վերցրին ու հազար անգամ ա՜խ քաշելով, էրի քարերը համբուրելով, երեսներին խեչը հանելով, դոշըներին ծեծելով՝ կամաց, կամաց ճամփա ընկան, ու դեմը գնում, դեմը երեսները շուռ տալիս՝ Ծաղկեվանքա սարին մտիկ տալիս, աղոթք անում, ա՜խ քաշում, աչքըներին հուփ տալիս, բերանները բաց անում:

Արեգակը մեր մտնելով էր, որ մեր ուխտավորաց ծերը՝ փետի կարմնջի մոտ Զանգվի ղրաղն հասավ: Ո՛վ Ծարավ աղբրի գլխին մեկ անգամ նստել ա, կուզի որ սաղ տարի էնտեղ իր օրն անց կացնի: Մեկ խաչի, սրբի զորություն էլ սա ունի: Սրանից էլ թուրք ու հայ, ով հավատով մոտանա, իր մուրազն ստանում ա: Ջրին մտիկ անելիս՝ հազար բան ա ընկնում աչքովդ. շարք, փող, երկաթի կտոր, մեխ, ուլունք, ի՞նչ ասես՝ որ նրա միջումը չկա. որ բարեպաշտ ուխտավորը՝ էկել, մեջն ա քցել, ուխտը կատարել, գնացել: Աղբրի գլխի քարը հո՝ սաղ տեղ չունի, էնքան մեխ ա մեջը ցցած: Ով սրանց ձեոը տա, միջիցը հանի, ձեռը կչորանա, էնքան ա սրբի հրաշքը: Քանաքռու տակիցը մեկ քսան ոտը Զանգվի ղրաղիցը հեռու, աջու կողմիցը՝ մութը շվաքի տակին դուս ա գալիս էս անմահական աղբյուրն ու, հանդարտ. մարմանդ՝ գնում, Զանգին թափում: Նհախ տեղը չեն անունը Ծարավ աղբուր դրել, որ համ հոգով ա մարդիս ծարավը կոտրում, համ մարմնով:

էստեղ էր՝ որ պարոն Կարոն իր օղլուշաղի ու բարեկամների հետ՝ մտավ, բարդ, բուրգ վեր ածիլ, կրակը չաղ անիլ տվեց, որ վերջին գիշերն էլ էնտեղ քեֆ անեն: Վաղուց էր նա սրտով ուզում, որ էս աղբրի համը մի առնի: Շատն ասեցին՝ որ էնտեղ չմնան, չունքի ոտի վրա էր, ու ղրաղ տեղ, թուրքերն էլ հո՝ գիլի պես էին ղժվժում գիշեր, ցերեկ էս ձորերումը: Բայց ռես Կարոյի անկաջը չմտավ: «Տասը ձիավոր մենակ է՛ս թրիս ղուրբան կանեմ, ի՞նչ եք վախում», նրանց ասեց: Վանու սիրտը՝ հենց գիտենաս՝ իմանում ըլեր, որ նրանց գլխին մի բան ա գալացուկ, բայց հորիցը քաշվում էր: Փարիխանին մտիկ տալիս, սար ու ձոր նրա գլխին լալիս, վա՜յ էր տալիս, բայց ի՞նչ կարեր անիլ: Հենց գիտես՝ Զանգին նրան ասում ըլեր,— «ա՛ռ սիրելուդ, նստի՛ր վրես՝ ձեզ տանիմ մեկ թաքուն տեղ, էս տեղ ձեր մահն ա, ո՞ւր եք կանգնել». բայց էլի հենց էս ֆքրումը՝ որ Զանգվի փրփրած ղրաղին չէր կանգնել, ու դեմը ջրին նայում, իր աչքի գետը բաց թողում, դեմը իր սիրելուն երեսը շուռ տալիս, ծուխը քթովը հանում, մեկ ձեռ որ ճտովը չընկավ, երկու գազ ծուլ էլավ: — Տո գիժ ես, գիժ. իմ տղեն ըլիս, ու է՞դ սրտի տերն: Մթնագիշերի՞ցն ես վախենում, թե Զանգվի խըշշալուցը. ջահելի գլխին խե՞լք կըլի: Գդակդ կոտրի՛, բա՛ց քնի: Քանի իմ ջանը սաղ ա, քեզ ո՞վ մեկ խեթ աչքով էլ ա մտիկ կանի: Արի՛, արի՛, գնա՛նք, քեֆ անենք: Գեղը հասնինք, քեզ էլ քո մուրազին կհասցնեմ, էդուր համար ի՞նչ ես դարդ անում,— էս ասողը Վանու հերն էր: Քարը ջուղաբ կտար, բայց Վանու բերնիցը մեկ խոսք էլ ա դուս չեկավ:

Գիշերվան մութը ձորամեջը խավարացրել էր: Ամեն մեկ քարափ ու էր՝ բերանները գազանի պես բաց արել, մտիկ էին տալիս: Կրակը ճրճըթալով՝ որ մուխը քուլա քուլա չէ՛ր բարձրանում ու բոցը ծառերին, ջրերին տալիս, հենց իմանաս՝ հազար տեղից՝ թուլի, հարամի, սատանա, քաչկեր՝ ատամները ղնջրտացնում, թրերը սրում՝ հազրվում ըլեին, որ բիբադի նրանց վրա թափին ու հոգիները առնին: Երկինքը, ղորդ ա՝ պարզ էր, բայց Աբարանու դհիցը մեկ սառը քամի որ վախտ վախտ չէ՛ր փռնչալով՝ էս քարերի գլուխը ծեծում, տերևները խշշացնում, հենց իմանաս՝ բոլորը բերան էր առել ու ձեն տալիս, որ ամեն մարդ իր գլուխը պահի: Բայց սազի ու դայրի ձենը մեկ դհից, Զանգվինը մյուս կողմից՝ էնպես էին մեր ուխտավորների միտք ու ականջ բռնել, որ թոփ տրաքեր մոտըներին, չէին իմանալ, չէին տեղըներիցը ժաժ գալ: Սիրտըներն էլ հո՝ ուրախ էր, ուրախ, էլ ի՞նչ էր պակաս: Բայց ա՜խ՝ մարդ էն տեղը պտի միշտ օյաղ կենա, իր գլխի թադարեքը տեսնի, որտեղ որ կարծիք չունի:

Շատ ու քիչն Աստված գիտի, թե ի՜նչքան վախտ էր անց կացել, գիշերվա ո՜ր տեղն էր, հենց էն էր ուզում ռես (տանուտեր) Կարոն իր թասը խմի ու որդուն, հարսին օրհնում էր, մեկ թվանք որ չի՛ գոռաց, սար ու ձոր զարզանդեցին ու քսանից ավելի ձիավոր, փիադա Թարաքյամա թուրըները պլոկած՝ յարաղ ասպաբ՝ կրակիս տալով՝ վրա թափեցին: Աստված ո՛չ շհանց տա. սար ու ձոր ոտն առան, որ փախչին, պրծնին, բայց մեր ողորմելի ուխտավորների համար ո՛չ փախչելու տեղ կար, ո՛չ ծածկվելու, անիրավ կրակն էլ՝ նրանց աչքըները բռնում, հարամուն պահում էր, իրանց լիս քցում: էսպես վախտը կիմացվի՝ թե տղամարդն ո՛վ ա, ո՛ւմ գլխումը խելք կա, կռնումը հունար: Ում էն շորշոփն դիպչեր, Էնպես վախտին, հոգիս էլ հե՛տը կտար, բայց Աստծուն փառք, թվանքի գյուլլեն անկաջին քսվելով՝ որ անց չի՛ կացավ, քաջն ռես Կարո ասլանի պես տեղիցը վեր թռավ ու ընչանք թուլին ձեռնե ձեռը կհասներ, նա էլ իր դասթեն հազրեց ու տասն րոպե չքաշեց, թուր էր՝ որ չրխկում էր, արին էր որ շլթկում, ծկլակին տալիս: Աստուծո ողորմությունիցը մեր տղերքը մեկ տեղ Էին, թուր ու թվանք գլխավերևները՝ ծառերիցը քաշ: — Տղերք՝ ձեր արևին ղուրբան՝ մենք ուխտից, սրբի դռնիցն ենք գալիս, էս անիծածները՝ թուլությունից, հարամությունից: Տվե՛ք, ջարդեցե՛ք՝ սրանց Էկած ճամփեն քոռանա: Ով իմ գլուխը սիրում ա, իմ հացը նրա աչքը բռնի, թե ձեռը եդ քաշի: Գեղամիջին են սրանք ղոչաղ, չունքի ձեններս կարճ ա, էսպես տեղն ո՛վ կհարցնի: Հարաքյաթ արե՛ք՝ ձեր ջանին մեռնիմ: Քարերի տակը մտե՛ք՝ օղլուշաղներիդ մեջ արե՛ք, թե մենք կկոտորվենք, էն ժամանակը նրանց ճարն էլ՝ Աստված: Ես ձեզ չլսեցի, ամա էս էլ մեկ ջոկ քեֆ ա, մեկ քանի շուն էլ ա կսատկացնենք, թո՛ղ՝ մեռնինք, սրտըներումս էլ ա դարդ չի՛ մնալ: Իրեքը առաջիս թավալ են տալիս, ձեզ տեսնիմ, Ծարավ աղբրին էլ մեկ օր թուրք մատաղ անենք, մեզ վրա չի՛ բարկանալ, չվախի՛ք: — էս ասողը ռես Կարոն էր: Նա որ էս սրտին էր էն ծեր տեղավ, Վանին ու նրա իգիթ ընկերները ի՞նչ հալի կըլեին: Քսանից ավելի էլ սրանք էին. բոլորը ջոկովի տղերք: Հայն արինը աչքը չառնի, թե չէ սար ըլի առաջին, չի դիմանալ: Կրակը հենց էն սհաթին ոտնատակ տվին, երբ հարամին վրա տվեց, ու ամենը մեկ քարի տակ մտան: Թվանքի գյուլլեն կարկտի պես էր վեր թափում: Հարամին հենց իմացավ՝ թե բիրադի վրա տալովը՝ նրանց հախիցը կգա, բայց աչքը դուս Էկավ, ինքը մնաց կրակումը, բաց տեղը, գյուլլի առաջին: Իրան քցածը քարին էր դիպչում, մեր տղերքանցը՝ նրանց գլխին, կամ դոշին: Եդ դառնալ չէ՛ր կարելի, չունքի չորս կողմը փակել էին: Բոլորն էլ պտի մատաղ ըլեին՝ որ էս հադաղին մեկ բարակ ձեն ա՜խ քաշեց, ծղրտաց ու մեկ Թարաքյամա ուրախ ուրախ ձեն տվեց,— ես իմը ճարեցի, դուք ձեր գլուխը լաց էլե՛ք: Սարդարին էսպես խնձոր մեկն էլա դեռ փեշքաշ չի՛ արել: Ով ձեռին ճար ունի, հետս գա, դրանցից մեզ խեր չի՛ ըլիլ: էս խոսքերի միջովն էր մեկ բարակ, կտրված ձեն գալիս. — Վա՜նի… Վա՛նի… ա՜խ… ինձ տարան… ո՜վ ինձ ճար կանի…

Վանին Զանգին էլ ընկներ, ի՞նչ կճարեր: Կատաղածի պես գյում էլավ: Ռես Կարոն ու մյուսները հարամու ոտն էին ուզում կտրիլ, ի՞նչ կիմանային: Տարաբախտ երիտասարդը թռավ, ո՞ւր, ինքն էլ չէ՛ր գիտում: Հարամու որը կոտորվել, որը փախել էր, որ մեր քաջ ուխտավորքը գեջդանգեջ՝ քարերի տակիցը դուրս էկան, կրակ վառեցին, բայց գիշերը խավար, Զանգին կատաղած, ձոր ու քարափ՝ խոր, ծառ ու ջանջալ ամեն տեղ բըռնած, Փարիխանն ու Վանին, խալխի աչքի լիսը՝ կորած, բաթմիշ էլած, ո՞ւր գնային, ո՞ւր գտնեին. Ողորմելի հերը՝ որ Վանի չէ՛ր ձեն տալիս, գլխին տալիս, ջրատար մերը, որ Փարիխան չէ՛ր կանչում, քարերին ծեծվում ու լալիս, սար ու ձոր հետըները սուք էին անում, կրակ վեր ածում: — Սարեր գլխիս քանդվեցեք, քարեր հոգիս հանեցե՛ք, թո՛ղ ես էլ ա՜խ քարացած էստեղ մնամ. Ինձ թաղե՛ք: Վանի՝ արի, ջանս հանի՛, քեզ տամ հոգիս, ու Զանգվի միջին իմ գլուխս ես թաղեմ, էլ լաց ու սուք չլսեմ: Վա՛նի՝ ա՜խ աչքս դուս հանի՛. ջանիդ մեռնիմ, ո՞ւր տանի էս ջուրն ինձ: էս հողն ի՞նչ անի, որ մնացինք անորդի: Ո՛չ ջուրն ա ձենս՝ ա՜խ՝ լսում, ո՛չ քարն իմ ցավս իմանում, ես եմ ուզում, սիրտս ճոթռեմ, ձեռս բռնած չեն թողում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s